







| Երիտասարդներն ընտանիքում |
Երիտասարդական միջոցառումների կազմակերպման Կոտայքի մարզային կենտրոնի աշխատակիցների ու կամավորների համատեղ նախաձեռնությամբ կազմակերպած այս բանավեճ-քննարկման հիմնական նպատակը երիտասարդների մոտ հայ ընտանիքի ժամանակակից մոդելի հնարավոր ուրվագծերի մշակումն էր եւ վերլուծական մթնոլորտում առկա հիմնախնդիրների վերհանումը:
Միջոցառման կազմակերպիչներն ու մարզի հասարակական կազմակերպությունները ներկայացնող շուրջ 30 հրավիրյալ երիտասարդներն իրենց տեսակետներն արտահայտեցին ինչպես մերօրյա երիտասարդ ընտանիքներին հուզող շատ հիմնահարցերի, այնպես էլ երիտասարդ մարդկանց մոտ նոր ընտանիքներ ձեւավորելու, հայկական ավանդական ու ժամանակակից աշխարհում առկա փորձերը համադրելու եւ նման այլ մանրամասների շրջանակներում:Փոխըմբռնում, հանդուրժողականություն, հայացքների նմանություն եւ ամենակարեւորը՝ սեր ու ջերմություն. ահա եւ այն հիմնական մոտեցումները, որոնք մաս կազմեցին միջոցառմանը մասնակցող երիտասարդների դատողություններին եւ հիմք հանդիսացան վերջիններիս կողմից ՙԱրդի ընտանիք՚ երիտասարդական կարծիք-մոդելի մշակման համար: Մասնակից երիտասարդներն իրենց խոսքում կարեւորում էին երիտասարդական միջոցառումներում նման ձեւաչափի կիրառումը, որը բանավեճի միջոցով ինքնատիպ հնարավորություն է ընձեռում ամբողջապես ինքնարատահայտվելու եւ սեփական կարծիքը լիարժեք ներկայացնելուց բացի բավարար խորհրդատվություն ստանալու համար` միաժամանակ լսելով եւ հասկանալով հասակակիցների դիրքորոշումները բարձրացված խնդրի վերաբերյալ: Կենտրոնի պատասխանատուներն էլ հավաստիացրին, որ ամիսներ առաջ ՙԵրիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն՚ ՊՈԱԿ-ի կազմակերպած նման քննարկումից հետո հերթական այս նախաձեռնությունը երիտասարդների ցանկությունն էր, ովքեր էլ առաջարկում են բանավեճերի շարքը դարձնել շարունակական եւ ընդգրկել քննարկման տարաբնույթ թեմաներ` ներառելով երիտասարդների հետաքրքրությունները հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: |