







| Գրական-երաժշտական երեկո |
|
Նոյեմբերի 16-ին Եղեգնաձորի մշակույթի տանը Վայոց ձորի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի կողմից կազմակերպվեց գրական-երաժշտական երեկո։ Միջոցառման առանցքը սերն էր` մարդկային ամենավեհ և ամենագեղեցիկ զգացմունքներից մեկը: Երեկոն նվիրված էր մեծանուն 3 հայորդիների հոբելյաններին: Այս տարի նշում ենք մեծն Կոմիտասի 140, Պարույր Սևակի 85 և Համո Սահյանի 95-ամյակները: Միջոցառման ընթացքում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ունկնդրելու ասմունք և երգ, որոնք ներկայացրեցին 5 շնորհաշատ երիտասարդներ: Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի մարզպետ Վարդգես Մաթևոսյանը, ԱԺ պատգամավոր Սամվել Սարգսյանը, փոխմարզպետներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը և այլ հյուրեր: Այս միջոցառումը վկայությունն է այն փաստի, որ Վայոց ձորի մարզային երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի` տարբեր հաստատությունների և կազմակերպությունների հետ համագործակցության սահմանները միայն Եղեգնաձորով կամ Վայոց ձորի մարզով չեն սահմանափակվում: Գրական-երաժշտական երեկոն իրականացավ երիտասարդական կենտրոնի և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանող Հակոբ Ֆագչյանի համատեղ ուժերով: Հակոբ Ֆագչյանը մասնակցել է Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի 5-ամյակին նվիրված միջոցառմանը: Հակոբը բազմաթիվ անհատական ելույթներ է ունեցել Հայաստանում, Իրանում, իսկ վերջերս` նաև Սիրիայում: Եվ Հակոբի շնորհիվ է, որ այս միջոցառման մյուս 4 մասնակիցները ևս Եղեգնաձորում էին: Միջոցառման ընթացքում ասմունքով հանդես եկան թատրոնի և կինոյի ինստիտուտի ուսանողներ Հակոբ Ֆագչյանը, Հայկ Ամիրխանյանը, Լիանա Ավետիսյանը և Ալլա Բունիաթյանը: Իր հիանալի ձայնով հանդիսատեսին Կոմիտասի անմահ ստեղծագործություններով հուզեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Մագդա Մկրտչյանը: Մագդան նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր մենակատարն է և բազմաթիվ մրցույթների դափնեկիր: Գրական-երաժշտական երեկոն անցկացվեց ԱԺ պատգամավոր Սամվել Սարգսյանի հովանավորությամբ: Միջոցառման կազմակերպման գործում իր լուման ուներ նաև Եղեգնաձորի քաղաքապետ Սիրեկան Բաբայանը: Հասմիկ Մարգարյան Վայոց ձորի ԵՄԿԿ-ի գլխավոր մասնագետ |