







| Քննարկումներ Ջավախքի վերաբերյալ |
Նոյեմբերի 9-ին Լոռու երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում կայացավ “Միտք” վերլուծական կենտրոնի նկարահանած “Վահե” փաստավավերագրական ֆիլմի վանաձորյան շնորհանդեսը: “Վահե”-ն խորհրդանշական է. ջավախքցիներն արևին կոչում են նաև Վահե։ Այն կյանքի ու հարատևության նշան է: Նախքան ֆիլմի ցուցադրությունն Ազգային նոր պահպանողական շարժման հիմնադիր նախագահ Էդուարդ Ափրամյանն անդրադարձավ հայ-վրացական հարաբերությունների արդի վիճակին, Ջավախքի հիմնախնդրին: Ներկայացնելով ֆիլմի նպատակը՝ նա ասաց. “Մեր պետականության զարգացման կայուն գործընթացի համար Ջավախքը կարևոր նշանակություն ունի. եթե Արցախը համարվում է Հայաստանի և հայության ողնաշարը, ապա Ջավախքը, անշուշտ, թոքերն է: Եթե թոքերը փակվեն, պետությունը գոյություն ունենալ չի կարող: Շատ հաճախ Ջավախքի հայությունը ներկայացնում է որպես սփյուռք, որպես համայնք: Դա այդպես չէ: Հայությունն այստեղ դարեր շարունակ ապրել է իր պատմական հողի վրա, կերտել է իր էթնոհոգեբանությունը”: Կարևորելով Ջավախքի դերը՝ Ազգային նոր պահպանողական շարժման հիմնադիր նախագահն ասաց. “Ջավախքը հայերով հոծ բնակեցված 3-րդ տարածքն է Հայաստանից և Արցախից հետո: Այն իր աշխարհագրական դիրքով և ժողովրդագրական գործոնով Հայաստանին դուրս է բերում արտաքին աշխարհ, դեպի ծով”: |