







| Երիտասարդության ձայնը |
Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 12-ը Վայոց ձորի ԵՄԿԿ-ում անցկացվեց ՙԵրիտասարդության ձայնը՚ ծրագիրը, որին մասնակցեցին մարզի ավելի քան 90 երիտասարդներ, ՀԿ սեկտորի, ՏԻՄ-երի ներկայացուցիչներ: Ծրագիրն իրենից ներկայացնում էր բանավեճի ակումբ, որն իրականացվեց երեք թեմաների շուրջ, դրանք են` 1. ի՞նչ երաժշտություն է լսում այսօրվա երիտասարդը և ինչու, 2. մաքուր պահենք մեր քաղաքը, 3. փողոցային առևտուրը` քաղաքի դեմքը: Ծրագրի հիմնական նպատակն էր զարգացնել երիտասարդների մոտ բանավեճի կուլտուրան, քննարկումների արդյունքում գտնել մարզում առկա խնդիրների լուծման ավելի արդյունավետ միջոցներ, հատկապես երիտասարդությանը հուզող վերոնշյալ երեք կարևոր խնդիրների վերաբերյալ: Ծրագրի մասնագետն առաջին երկու հանդիպումների ժամանակ մատուցեց տեսական գիտելիքներ բանավեճի անցկացման, կազմակերպման, վարվեցողության վերաբերյալ, ինչպես նաև բանավեճեր իրականացնելու և կազմակերպելու հմտություններ, որից հետո մասնակիցները հնարավորություն ունեցան ստացած գիտելիքները կիրառել գործնականում` մասնակցելով քննարկումներին: Ծրագրի երրորդ հանդիպման ընթացքում մասնակիցներն ունեցան քննարկում փոխքաղաքապետի, ՀԿ ներկայացուցիչների և համապատասխան մասնագետների հետ: Ակտիվ քննարկումների արդյունքում մշակվեց կոնկրետ գործողությունների պլան, որն իրենից ներկայացնում էր դիմում-առաջարկ` ուղղված Եղեգնաձորի քաղաքապետին: Քաղաքի կենտրոնական փողոցներից երկուսում կենտրոնի կողմից տեղադրվեցին աղբարկղեր՝ որպես առաջին քայլ դեպի մաքուր և հրապուրիչ քաղաք: |