







| ԱՄՆ դեսպանի այցը Վայոց ձորի ԵՄԿԿ |
ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Մարիա Յովանովիչը ս/թ օգոստոսի 3-4-ն այցելել էր Վայոց ձորի մարզ: Դեսպանի այցելության ծրագիրը բավականին տարաբնույթ էր: Նա հանդիպումներ ունեցավ Վայոց ձորի մարզպետ Վ. Մաթևոսյանի, Եղեգնաձորի քաղաքապետ Ս. Բաբայանի հետ: Այցի շրջանակներում տիկին Յովանովիչը եղավ մարզում գործող գինու արտադրամասերում, ծանոթացել խաղողագործության, գինու արտադրության հիմնախնդիրների հետ: Դեսպանն այցելել է նաև ՚ԱՐԻԴՙ այծաբուծական սպառողական կոոպերատիվ: Տիկին Յովանովիչն իր հանդիպումների շարքն ավարտեց Վայոց ձորի Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում: Կենտրոնում դեսպանը հանդիպեց ՙՎայոց ձոր՚ մարզային պարբերականի գլխավոր խմբագիր Ս. Բունիաթյանի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև կենտրոնի գլխավոր մասնագետ Հ. Մարգարյանը, Վայոց ձորի մարզպետի օգնական Դ. Մելիքսեթյանը, ինչպես նաև ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ: Հանդիպման ընթացքում Ա. Բունիաթյանը ներկայացրեց խմբագրության գործունեությունը, թերթում տեղ գտած նյութերը և տեղեկատվության հիմնական ուղղվածությունը: Հանդիպման ընթացքում խոսվեց նաև մարզում առկա տեղեկատվական և լրատվական միջոցների, դրանց գործունեության, ինչպես նաև մարզի համար խնդիր համարվող ռադիոյի և հեռուստատեսության բացակայության մասին: Հանդիպման ընթացքում դեսպանի կողմից նշվեց և կարևորվեց Վայոց ձորում զբոսաշրջության զարգացման հարցը: Դեսպանը շեշտեց, որ այս ոլորտը մեր մարզի զարգացման կարևորագույն նախադրյալներից է: Ավելին, ինչպես նշեց դեսպանը, հուշարձաններով, եկեղեցիներով, յուրօրինակ բնությամբ հարուստ Վայոց ձորը բավականին մեծ ներուժ և լայն հնարավորություններ ունի զբոսաշրջության զարգացման համար: Տիկին Յովանովիչը չափազանց տպավորված էր մարզում Երիտասարդական միջոցառումների կազմակերպման նման կենտրոնի առկայությամբ: Կենտրոնի գլխավոր մասնագետ Հ. Մարգարյանը դեսպանին պատմեց կենտրոնի գործունեության, կազմակերպած միջոցառումների և ընթացիկ ծրագրերի մասին: Հ. Մարգարյանը նշեց, որ կենտրոնը տեխնիկապես հագեցած է, մարզի երիտասարդների համար գործում է անվճար ինտերնետ կապ, և որ այստեղ երիտասարդներին տրված է մեծ հնարավորություն միմյանց հետ ծանոթանալու, քննարկումներ կազմակերպելու, ինչու չէ, բանավիճելու իրենց հետաքրքրող հարցերի շուրջ: Դեսպանը տեղեկացրեց, որ այցելության հիմնական նպատակը Հայաստանի մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակի ու հիմնախնդիրների հետ ծանոթանալն է, գյուղացիների կարիքների, խնդիրների գնահատումն ու այդ հիմնախնդիրներին հնարավորինս լուծում տալը, քանի որ ինչպես իր խոսքում նշեց տիկին Յովանովիչը, Հայաստանը միայն Երևանով չի սահմանափակվում: |